Աշխարհի վերջը

Պատմվածքը՝ Կարինե Գոմցյանի

-Ասում են, աշխարհի վերջը մոտ է,- կիսվեց վերջին նորություններով Արամը։

-Բանի տեղ մի դիր։ Չնայած, մեր դեպքում երևի թե միակ փրկությունը հենց աշխարհի վերջն էլ լինի։ ,- Ամանօրյա տոնածառը զարդարելով, զրույցը ակտիվ պահելու նպատակով քթի տակ դժվարությամբ պատասխանեց Նվարդը։ ,- Գիտես, երևի մեր դարդերն ու դժվարություններն արդեն հերիք են, որ աշխարհը կործանվի։ Ա՜յ, ափսոս մարդիկ չգիտեն մեր կյանքի պատմությունը․ չեն հետաքրքրվում իրենց մերձավորներով։ Երևի եթե իմանային, էս աշխարհում լույս կտեսներ հերթական մի գիտաֆանտաստիկ ժանրի գիրք, կամ ով գիտի՝ միգուցե կինոն, հենց մեր՝ երկու խղճուկներիս կյանքի մասին։

-Է՜հ, դե հերիք չէ էս ազիզ օրը քո հոռետես մտքերով փչացնես։ Ես քեզ լուրջ բան եմ ասում, դու ինձ էլի հեքիաթներ ես պատմում։ Ասում եմ աշխարհի վերջն է գալիս։ Համ էլ մենք հեչ խղճուկ չենք։ Հա՛, կան խնդիրներ։ Ծնողներդ մեզ էս անգամ Նոր Տարվա ճոխ սեղան չեն ապահովել, բայց էսպես էլ կլինի։ Չեմ կարծում, որ մարդիկ հիմա սեղանի դրածին այդքան մեծ ուշադրություն դարձնեն։ Ի դեպ, Անին ու՞ր է։

-Երևի էլի սենյակում նստած իր Ձմեռ Պապիկի նամակն է գրում։ Էս տարի մարդը մեծ զարգացում է ապրել։ Ասում է նամակս ձեզ չեմ տալու, հենց ինքս էլ տանելու ու դնելու եմ բուխարու մեջ, որ Ձմեռ Պապին գա ու վերցնի։ Դէ արի ու բացատրի, որ Ձմեռ Պապին կրակի միջից նամակը հանելու հատուկ հմտություններ չունի։ Չգիտեմ էլ, թե ինչ ենք անելու։

-Է՜հ, չեմ ասել էտ երեխուն մուլտիկներ մի ցույց տվեք։ Ինչին ասես որ չի հավատում։ Մենք էլ ստիպված ենք լինում տակից դուրս գալ։- ուշադիր տոնածառը ուսումնասիրելով ասաց Արամը, կարծես անտեսելով տոնածառի հենց դիմացը կանգնած Նվարդին։

Այդ պահին տան փայտե ճռճռան հատակին թռվռալով սենյակ մտավ 5 տարեկան Անին, ձեռքին մի սպիտակ թղթի կտոր՝ վարդագույն «Հելո Քիթիյով»։ Երեխան իր բարակ մատներով այդքան պինդ բռնած նամակը ապահով բերեց, հասցրեց բուխարու մոտ, փակեց աչքերը, մի քանի վայրկյան փակ պահեց, գնալով էլ ավելի սեղմեց, հետո բացեց ու ամբողջ ուժով նետեց նամակը վառվող բարձր կրակի մեջ։ Թուղթը մոտակա 2 րոպենների ընթացքում վառվեց, հալվեց և ճամփա ընկավ, դեպի Անիի երազանքների Ձմեռ Պապիկը։ Երեխայի դռան հետևեից անհետանալուց միանգամից հետո ծնողները հոգոց հանեցին և շարունակեցին․

Լավ, երևի ես գիտեմ թե ինչ անենք։ Մեր հարևան Ռիտային գիտես, չէ՞։ Վերջերս Անիին Նոր տարվա նվեր տիկնիկ էր նվիրել, բայց պահել էի։ Ասեցի հետո մի տեղ գնալուց նվեր կտանենք։ Երևի հենց այդ էլ կդնենք տոնածառի տակ։ 5 տարեկան երեխա է, հո՛ չգիտի թե ով է բերել։

-Տեսնում ես, որ ուզում ես մոտդ ստացվում է։,- հպարտությամբ ասաց Արամը,- Լավ, բեր հիմա էլ դիր նվերը՝ էլ ժամանակ չմնաց։ Էդ արարողությունն էլ արագ կազմակերպենք ու անցնենք մեր գործերով։

Նվարդը վերջապես հանգիստ թողեց տոնածառի ճյուղերը, որոնք արդեն գնալով ավելի էին խճճվում բացվելու փոխարեն, մոտեցավ սենյակի ծայրում գտնվող բարձր պահարանին, բացեց ամենավերևի դուռը, հանեց միջից չափի և ոչ այդքան թանկ, բայց որակով տիկնիկի տուփը և կամաց տեղադրեց տոնածառի ճյուղերի տակ՝ հնարավորինս խորը։ Մի քնաի ժամ անց, երբ արդեն 12-ին 5 րոպե էր պակաս, ծնողները Անիին ձայն են տալիս։ Անին լսելով ձայնը մի քանի վայրկյան սպասում է, փորձելով հիշել, թե ինչի համար են նրան նման ոգևորությամբ կանչում, իսկ հիշելով լավ առիթի մասին, միանգամից կանգնում է և վազում դեպի հյուրասենյակ։ Անիին դեռ չէր մոտեցել հյուրասենյակի դռանը, երբ միջանցքից լսվում է դռան ձայնը։ Արամը, առանց երեխային դիմավորելու, մեծ և արագ քայլերով մոտենում է գլխավոր մուտքի դռանը։ Նվարդը հետ չի մնում ամուսնուց և հնարավորինս ամունսու թիկնեղ մեջքի հետևից անկյուն է փորձում գտնել տեսնելու համար, թե ով էր իրենց թանկարժան «գիշերվա երազը»։ Անին իր ճանապարհին դեպի հյուրանոց ստիպված է լինում կանգ առնել՝ անհասկանալի մարդկանց խցանման պատճառով։ Անին այնքան ոգևորված էր սպասում հյուրասենյակ ներթափանցելուն, որ չի լսում իրենց անծանոթ հյուրի խոսքերը, բայց հանկարծակի վեր է թռնում ծնողների վայրկյանական խուճապից և գոռգռոցից։ Արամն ու Նվարդը թողնում են իրենց բոլոր գործերը, առանց որևէ վերարկու կամ կոշիկ փոխելու վազում են շքամութք և հետևից փակում են դուռը։ Նրանց այդ սրընթաց գործողությունների մեջ Անին միայն հասնում է նկատել դրսում փայլող մեծ կարմիր մի լույս, որը երեխայի հիշեցրեց իր սիրելի մուլտֆիլմի միջի Ամանօրյա տոնածառի վառը լույսերը։ Հենց այդ պահին նա հիշում է իր ուրախության հիմնապատճառը և կրկին շտապում է դեպի հյուրասենյակ։ Հասնելով նշանակված վայրը նա տեսնում է տոնածառի տակ դրված տուփը, բայց չի մոտենում դրան։ Ակնհայտ էր, որ նա հասկացել է, թե ինչ է տուփում։ Անին փորձում է հիշել իր նամակը, հիշել իր ժամեր առաջ հեռավոր ճանապարհ ընկած նամակի բովանդակությունը, բայց ցավոք, չի կարողանում այնտեղ հիշել տիկնիկին։ Մի փոքր ավելի երկար մտածելուց հետո Անին հիշում է իր երազանքը, հիշում և փոշմանում է։ Ակնհայտ զարմանքի առտահայտությունը երեխայի դեմքին դեռ չէր վերածվել տխրության, երբ րոպեններ առաջ տանից հեռացած ծնողները ներխուժում են տուն, կոպիտ կերպով քաշում Անիի ձեռքը, այնուհետև գրկում նրան և հեռացնում Տոնածառի մոտից։ Անին այդ անցուդարձի մեջ չէր լսում ոչինչ․ նրա համար սովորական էր տան աղմուկը։ Եվ քանի դեռ նրան քաշքշելով իջեցնում էին շենքի առաջին հարկը այդ ցուրտ ձմեռվա գիշերով, փոքրիկ 5 տարեկան Անին հասկացավ մի կարևոր բան․ որ ինչ-որ բան այլևս նույնը չէ։

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий