Աոաջին օրը Փարիզում

thumbnail_46adad35-95b2-415d-b367-18039a96cd04Պատումը՝ Շուշան Փաշինյանի

Հասանք Փարիզ… Անսահման ոգևորված և ուրախ էինք: Օդանավակայանում միմյանց ,,առայժմ,, ասելով՝ գնացինք մեզ հյուրընկալող ընտանիքների տները: Ճանապարհին ուշադիր նայում էի Փարիզին․ մութ էր, վառվում էին Փարիզի լույսերը: Անկեղծ ասած, առաջին հայացքից ես Փարիզը շատ նմանեցրեցի Երևանին, այնքան նման էին լուսավոր փողոցները, կարծես վերադարձած լինեի Երևան և մեր տան ճանապարհին լինեի: Պատուհանից երևացող Երևանին նմանվող Փարիզը հիասքանչ էր: Հասա ինձ հյուրընկալող ընտանիքին: Առաջին իսկ ակնթարթից նրանց ողջույնհելում այքնան ջերմություն, դրական լիցքեր և հոգատարություն նկատեցի, որ միանգամից սկսեցի շատ սիրել նրանց: Տան մայրիկը՝ Հերմինեն, շատ համեղ ընթրիք էր պատրաստել: Ընթրելու ընթացքում բավականին զրուցեցինք, ծանոթացանք, այնքան դրական լիցքեր տվեցին ինձ, որ միանգամից ողջ օրվա հոգնածությունս անցավ: Եկավ քնելու ժամը, միմյանց բարի գիշեր մաղթելով՝ գնացինք քնելու: Ես ուշ քնեցի, մտքումս մեր ամբողջ օրն էի եզրափակում, նորից վերհիշում էի ամեն ինչ և ավելի ու ավելի ոգևորվում: Այսպես էլ քնեցի: Եկավ շատ սպասված առավոտը: Մենք չգիտեինք այդ օրը ինչպես ենք անցկացնելու: Արթնացանք, համեղ նախաճաշեցինք, և ասացին, որ այսօր գնալու ենք ,,Մկնիկ,, դպրոցը տեսնելու, այնուհետև գնալու ենք Էյֆելյան աշտարակ: Այդ լուրը իմանալով՝ ես շատ ուրախացա: Ես շատ էի սպասում Էյֆելյան աշտարակը տեսնելուն: Նաև շատ անհամբեր էի տեսնելու մկնիկցիներին և նրանց դպրոցը: Ամեն ինչ այնքան ոգեշնչող ու լավ սկսվեց: Իսկապես ամեն ինչ իմ պատկերացրածից շատ ավելի լավ սկսվեց, և ես վստահ էի, որ այդպես էլ շարունակվելու էր: Այսպիսով՝ շարժվեցինք դեպի <<Մկնիկ>>: Ես կրկին պատուհանից ուշադիր ուսումնասիրում էի այս անգամ առավոտյան Փարիզը: Այն շատ գեղեցիկ էր, ես անհամբեր սպասում էի ուղղակի քայլելուն այդ հրաշք փողոցներով: Հասանք <<Մկնիկ>>: Այնտեղ Սեբաստացիներով հանդիպեցինք իրար և այնպես գրկեցինք, կարծես մենք չէինք, որ երեկ ամբողջ օրը միասին էինք անցկացրել, այն էլ այդպիսի արկածներով: Այդպես գրկեցինք իրար, կիսվեցինք առաջին տպավորություններով և հասկացանք, որ բոլորիս մոտ տպավորությունները չափազանց լավն էին: Առաջին հայացքից Մկնիկը ինձ շատ ուրախ թվաց, և այդպես էլ կար: Մի փոքր շրջեցինք դպրոցով, ծանոթացանք մի քանի մկնիկցիներ հետ, խոսեցինք միմյանց հետ, պարեցինք և հետո մենք շարժվեցինք դեպի Էյֆելյան աշտարակ: Մենք չափազանց ոգևորված և նույնիսկ հուզված էինք: Ճանապարհին բավականին քայլեցինք Փարիզով՝ չափազանց ուրախ դեմքերով: Ուսումնասիրում էինք քաղաքի ամեն մի մանրուքը, նկատում ու մեկնաբանում էինք գրեթե ամեն ինչ: Քայլելիս մի պահ Էյֆելյան աշտարակի մի մասը դիմացս դուրս եկավ, ես այդ պահին քարացա, ուղղակի հրաշք էր: Առաջին անգամ տեսա Էյֆելյան աշտարակը: Ճանապարհի կեսից նստեցինք ավտոբուս, որը գնում էր դեպի Էյֆելյան աշտարակ: Նույնիսկ ավտոբուսում ամեն ինչին ուշադրություն էինք դարձնում: Մի պահ պատուհանից նայեցի, և երևաց Էյֆելյան աշտարակը շատ մոտիկից: Այդտեղ բոլորս քարացանք, այն հսկայական էր և չափազանց հեքիաթային: Անհամբեր իջանք ավտոբուսից: Կանգնելով Էյֆելյան աշտարակի առջև՝ մի պահ լուռ մնացինք և ուղղակի սկսեցինք նայել նրան և գիտակցել, որ մենք հիմա իսկապես այդտեղ ենք: Հրաշք էր… Այնուհետև երկար նկարվելով՝ անցանք դեպի աշտարակ բարձրացող մեծ հերթը: Հերթի ընթացքում մենք մեծ ֆոտոշարք արեցինք Էյֆելյան աշտարակի մոտ: Վերջապես բարձրացանք աշտարակ: Աշտարակի վրա ամեն ինչ այլ էր, այն նման չէր նրան, ինչը մենք դրսից տեսնում էինք: Աշտարակի վրայից երևում էր ամբողջ քաղաքը, որը ուղղակի հիասքանչ էր: Անձրևը, որը տեղում էր այդ պահին, ավելի ու ավելի էր գեղեցկացնում ու հեքիաթային դարձնում աշտարակի վրայից երևացող Փարիզը: Մենք երկար նայում էինք քաղաքին ու անընդհատ ուզում էինք նայել: Դե, ինչպես հասկացաք, ընթացքում նաև նկարվում էինք: Արդեն եկավ մեր իջնելու ժամանակը, երբ հանկարծ նկատեցինք աննկարագրելի մայրամուտը, որը իր ծիրանագույն լույսը գցել էր ամբողջ թրջված քաղաքի վրա: Հանկարծ նայեցինք աջ և շատ անսպասելի տեսանք բազմագույն ծիածանը: Ուղղակի հեքիաթ էր: Այնքան գեղեցիկ ու հմայիչ էր քաղաքը, կարծես իսկապես հեքիաթում լինեինք: Չափազանց բավարարվածությամբ և հրաշալի զգացողություններով իջանք աշտարակից: Իջնելու ընթացքում աշտարակի լույսերը վառվեցին: Մենք անհամբեր էինք աշտարակը տեսնելու նաև լույսերով: Այն ավելի ու ավելի հեքիաթային ու հրաշալի էր դարձել: Իսկապես հրաշալի էր: Մի փոքր էլ լուսավոր աշտարակը վայելեցինք, անբացատրելի զգացողություններ ունեցանք և արդեն շատ հուզված վերադարձանք տուն: Ճանապարհին գրեթե ոչ մեկ չէր կարողանում ամբողջովին արտահայտել իր զգացողություններն ու տպավորությունները, բառեր չէինք գտնում: Հրաշալի օր ունեցանք: Շնորհակալ ենք շատ մեզ այդ հրաշք շրջայցը տալու համար: Անբացատրելի տպավորություններով հասանք տուն և այդ ամենը պատմեցինք տան անդամներին: Հեքիաթային առաջին օր ունեցանք Փարիզում: Այդ ամենից էլ ավելի ոգևորված և հրաշալի զգացողություններով գնացինք քնելու, անհամբեր սպասելով հաջորդ օրվան…

Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий