Երևան-Փարիզ կրթական նախագիծ

86186957_2935179089855113_1462448879822700544_nՊատմում է Հայկ Ղազարյանը

Փետրվարի 7-ից մինչև 19-ը Միջին դպրոցից մի խումբ, Մարիետ Սիմոնյանի գլխավորությամբ, մենկեց Փարիզ։ Երբ Երևանից հասանք Վարշավա՝ Լեհաստան, մենք քիչ ժամանակ ունեինք դեպի Փարիզ թռչող ինքնաթիռին հասնելու համար։ Մեզ անձնագրի ստուգման մասում երկար պահեցին, այլ ուղևորի պատճառով։ Անձնագրի ստուգման մասում երկար մնալու պատճառով մենք ուշացանք թռիչքից, սակայն մեզ հաջողվեց տեղում բաց թողած ինքնաթիռի տոմսը փոխանակել նորով։ Մենք փոխանակեցինք տոմսերը, սակայն մյուս չվերթը ութ ժամից էր, և մենք ութ ժամ մնացինք օդանավակայանում։ Այնտեղ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ժամանակն արագ անցնի։ Խաղացինք, շրջեցինք օդանավակայանով։ Կոնկրետ ես ավելի լավ ծանոթացա խմբի մյուս երեխաների հետ, քանի որ ես նրանց հետ այս նախագծի շրջանակներում էի ծանոթացել։Ութ ժամն անցավ, և վերջապես նստեցինք ինքնաթիռ։ Մինչև ինքնաթիռ նստելը, տոմսերը ցույց տալու հատվածում, մեր ճամպրուկները կշռեցին։ Կշեռցին իմ ճամպրուկը և այն զգալիորեն ծանր (9.5 կգ) էր առավելագույն քաշի սամհանից (8 կգ)։ Ինձ ասացին, որ ես ճամպրուկս թողնեմ ինքնաթիռի կողքը, որպեսզի այնտեղի աշխատակիցները վերցնեն այն և ընդգրկեն մյուս ճամպրուկների հետ՝ որպես ուղեբեռ։ Սակայն, երբ մենք մոտեցանք ինքնաթիռին, ես այնտեղ օդանավակայանի աշխատակից չտեսա, և, վստահ չլինելով, որ նրանք կվերցնեն իմ ճապմրուկը որպես ուղեբեռ, ես պարզապես ուղեբեռի պիտակը թաքցրեցի բռնակի տակ և մտա ինքնաթիռ՝ առանց որևէ խնդրի։ Հասանք Փարիզ։ Արդեն շատ ուշ էր։ Մեզ դիմավորեցին մեզ հյուրընկալող ընտանիքները։ Ինձ և Արթենիին, ով մեր նախագծի մասնակիցներից էր, ընդունեց Հռիփսիմեի և Արայիկի ընտանիքը։ Նրանք շատ լավ մարդիկ էին, մեզ համար անում էին ամեն ինչ, որպեսզի մենք մեզ լավ զգանք, ինչի համար մենք նրանց անչափ շնորհակալ ենք։

Փարիզ, օր 1 (08.02.2020, շաբաթ)

Առավոտյան նախաճաշից հետո պատրաստվեցինք և գնացինք քաղաք՝ Էյֆելյան աշտարակ։ Այն իրոք շատ մեծ էր և գեղեցիկ։ Մենք բարձրացանք մինչև երկրորդ հարկը, սակայն դա էլ էր բավարար, որպեսզի ողջ Փարիզն իր ողջ գեղեցկությամբ տեսնեինք։ Այնտեղից երևում էին Տռոկադերո (Թղոկադեղո Ֆրանս․՝ Trocadéro) թաղամասը, Լուվրը, Վերսալը և մի շարք գեղեցիկ թաղամասեր, փողոցներ։ Փարիզում ամեն ինչ գեղեցիկ էին՝ թե շենքերը, թե երթևեկությունը, թե փողոցների մաքրությունը, ամեն-ամեն ինչ։ Էյֆելյան աշտարակում մնացինք մոտ չորս ժամ, իսկ հետո վերադարձանք տուն։ Արդեն ուշ էր՝ ժամը ինը, բայց մենք կարողացանք շփվել նրանց երեխաների՝ Ինեսի և Նատալիի հետ, նաև բոլորով խաղալ սեղանի խաղ։

Փարիզ, օր 2 (09.02.2020, կիրակի)

Երկրորդ օրն անցավ ավելի հետաքրքիր և լեցուն։ Այդ օրը մենք շրջեցինք Շանզելիզեով, տեսանք Հաղթական կամարը։ Շրջեցինք նաև Լուվրով։ Այնտեղ տեսանք հունական արվեստի գլուխգործոցները՝ տարբեր արձաններ, զինվորներ, քանդակներ և այլն։ Եղանք նաև եգիպտական բաժնում, որտեղ կային հին եգիպտական արձաններ, տարօրինակ էակներ, նկարներ, փարավոններ, փարավոնների դագաղներ և մի շարք հետաքրքիր բաներ։ Իսկ հետո տեսանք հայտնի իտալացի նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի հայտնի ,,Մոնա Լիզա,, նկարը, որում պատկերված մարդ /կա այդպիսի կարծիք/ իբրև թե հենց Լեոնարդո Դա Վինչին է։ Բոլորս արագ-արագ մոտեցանք նկարին, նկարվեցինք և շարունակեցինք էքսկուրսիան։ Շրջեցինք նաև լուվրի ներքևի հատվածով, որտեղ տեսանք Լուվրի ավերակները/հին տեսքը։ Այնուհետև դուրս եկանք Լուվրից և վերադարձանք տուն։ Այս անգամ արդեն ավելի շատ ժամանակ ունեինք և հասցրեցինք շփվել մեր ,,ծնողների,, հետ, խաղալ Նատալիի և Ինեսի հետ, իսկ վերջում ֆիլմ դիտեցինք։

Փարիզ, օր 3 (10.02.2020, երկուշաբթի)

Այս օրը առաջին օրն էր ,,Մկնիկ,, աշխատանոցում։ Այնտեղ մենք ծանոթացանք երեխաների հետ՝ հիմնականում տղաների հետ։ Աշխատանոցում կային 4 խմբեր՝ մանկապարտեզային խումբ (2-4 տարեկանների համար), փոքրերի խումբ (5-8 տարեկաններ), միջին խումբ (9-12 տարեկաններ) և մեծերի խումբ (12-16 տարեկաններ)։ Աշխատանոցում անցկացվում էին երեք դասաժամեր․ կերպարվեստ՝ ինձ և Արթենիին հյուրնկալած ընտանիքի մայրիկ Հռիփսիմեի հետ, երաժշտություն՝ ընկեր Նունեի և նրա մայրիկի՝ տիկին Արմինեի հետ, և գրականություն՝ մեր խմբի ղեկավար տիկին Մարիետի հետ։ Ամեն դասաժամն ուներ մեկ ու կես ժամ տևողություն։ Երգի դասաժամին այս օրը սովորեցինք երեք երգ՝ “Նարե”, “Դուն էն հուրին իս” (Սայաթ Նովա) և “Սարվորի երգը” երգերը։ Սկզբում դժվար էր բառերը հիշել, բայց երբ մեզ թերթիկներ բաժանեցին, մեզ մոտ այն ավելի լավ ստացվեց։ Մինչև երկրորդ դասաժամի սկսելը, մենք մեկ ու կես ժամ ընդմիջում էինք ունենում՝ ճաշի և խաղերի համար։ Մենք տղաներով խաղում էինք ֆուտբոլ, բասկետբոլ, իսկ աղջիկները՝ գեղեցիկ լուսանկարներ էին անում։ Կերպարվեստի դասաժամին Հռիսիմեն մեզ տվեց տախտակներ, որոնց վրա մենք մեխեր ամրացրեցինք, իսկ մեխերի վրա՝ թելեր, որոնցով ստացանք պատկերներ։ Իսկ գրականության ժամանակ տիկին Մարիետի հետ կարդացինք առակներ, քննարկեցինք, ինչպես նա քննարկեցինք Վիլյամ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։ Վերադարձանք տուն, ընթրեցինք, խաղացինք երեխաների հետ, շփվեցինք նրանց հետ և քնեցինք։

Փարիզ, օր 4 (11.02.2020, երեքշաբթի)

Երեքշաբթի օրը մեր երկրորդ օրն էր աշխատանոցում։ Այս օրը մենք երգի ժամանակ կրկնեցինք մեր սովորած երգերը՝ ավելի ամրապնդելով դրանք։ Հետո ճաշեցինք և դուրս եկանք խաղալու։ Ընդմիջումից հետո Հռիփսիմեի հետ թելով ջահեր պատրաստեցինք, բայց չկարողացանք մեկ օրում վերջացնել։ Վերջին դասաժամին՝ գրականության ժամանակ, տիկին Մարիետի հետ կրկին առակներ քննարկեցինք և մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացրեցինք “Բան ունեմ ասելու” պիեսի քննարկմանը, քանի որ ուրբաթ օրը պետք է այն ներկայացնեինք։ Հետո գնացինք մի սենյակ՝ միջին և մեծ խմբերով, որտեղ պատմեցինք մեր օրվա տպավորությունների մասին։ Իսկ օրվա մյուս ժամանակահատվածը ծախսեցինք առևտրի կենտրոնում՝ նվերներ գնելու վրա։

Փարիզ, օր 5 (12.02.2020, չորեքշաբթի)

Չորեքշաբթի օրը մենք երգի դասի ժամանակ սովորեցինք երկու նոր երգ, նաև կրկնեցինք հին երգերը։ Ընդմիջմանը ճաշից հետո խաղացինք ,,Մաֆիա,,, որը կարևոր դեր խաղաց տղաների և աղջիկների միասին շփվելու մեջ։ Այդ օրվանից սկսած այլևս չկար առանձին ,,տղաներ,, և ,,աղջիկներ,,։ Մենք միասին էինք անցկացնում մեր օրը, երգում, պարում, խաղում, շփվում միմյանց հետ։ Կերպարվեստի ժամանակ շարունակեցինք ջահերի պատրաստումը, սակայն ոչ բոլորն էին դա անում։ Խմբի մի մասը ասեղնագործում էր՝ բացիկներ էր պատրաստում, մյուս խումբը գորգ էր գործում, մյուս խումբն էլ՝ ջահի համար թելով զարդարանքներ անում։ Գրականության դասին մենք մի քիչ անդրադարձանք առակներին, իսկ հետո մեր ֆրանսիահայ երեխաներին՝ մկնիկներին, բաժանեցինք ,,Բան ունեմ ասելու,, պիեսի իրենց հատվածները, որոնք նրանք պետք է ասեին ուբաթ օրը։ Իսկ վերջում կրկին գնացինք ընդհանուր քննարկման՝ պարոն Ժիրայրի գլխավորությամբ։ Հետո դուրս եկանք Արայիկի հետ զբոսնելու։ Գնացինք Մոն Մարտ (Մոն-Մաղտ) եկեղեցի, շրջեցինք, տեսանք Էյֆելյան աշտարակը։ Գնացինք նաև Փարիզի օպերան, շրջեցինք փողոցներով և վերադարձանք տուն։

Փարիզ, օր 6 (13.02.2020, հինգշաբթի)

Հինգշաբթի օրը մենք մի քիչ ավելի լուրջ էինք վերաբերում դասերին, քանի որ հաջորդ օրը պետք է ներկայացնեինք այս շաբաթվա ընթացքում մեր գործունեությունը։ Սկսեցինք ավելի ուշադիր սովորել երգերը, ավելի արագ անել կերպարվեստի աշխատանքները, ավելի ուշադիր սովորել ,,Բան ունեմ ասելու,,-ի հատվածները: Նաև մենք այսօր պետք է գնայինք հայկական դեսպանատուն՝ քանի որ մեզ այնտեղից հրավիրել էին: Գնացինք դեսպանատուն։ Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին, շփվեցինք դեսպանի հետ, պատմեցինք մեր մասին։ Հուսով եմ, որ մեկս մեկին լսելով ավելի շատ ինֆորմացիա ստացանք մեր ընկերների մասին, ավելի լավ ճանաչեցինք նրանց։ Խոսելուց հետո մի փոքր հյուրասիրություն տեղի ունեցավ։ Այդ ժամանակ մենք դեսպանին տվեցինք մեր լրացուցիչ հարցերը, մեր տպավորությունների մասին պատմեցինք, հարցրեցինք այստեղ ապրող հայերի մասին և այլն։ Հետո Արայիկի հետ բոլորով մի քիչ էլ շրջեցինք Տռոկադերոով և վերադարձանք տուն։

Փարիզ, օր 7 (14.02.2020)

Այսօր (ցավոք սրտի) ,,Մկնիկ,, աշխատանոցի մեր վերջին օրն է։ Մենք երգի դասի ժամանակ սովորեցինք բոլոր հինգ երգերը, կերպարվեստի ժամանակ ավարտեցինք երեք աշխատանք, գրականության ժամանակ կրկնեցինք ամեն ինչ, որպեսզի ունենանք անթերի ելույթ: Երեք դասաժամերը վերջացան, եկավ ամփոփիչ ելույթի ժամանակը։ Բոլորս լարված էինք, վախենում էինք, որ ինչ-որ բան կարող է ձախողվել, և ելույթը տգեղ ստացվել։ Բայց մենք փորձեցինք չլարվել, կենտրոնանալ։ Հանդեսը սկսեցին մանկապարտեզի սաները, հետո՝ փոքրերը, հետո՝ միջին խմբի երեխաները, իսկ հետո՝ մենք։ Մենք երգեցինք երգերը, բեմադրեցինք “Բան ունեմ ասելուն”, նաև ներկայացրեցինք հետաքրքիր փաստեր տարբեր բաների մասին։ Մենք գոհ էինք մեր ելույթից, հանդիսատեսը՝ նույնպես։ Մենք բոլորս մեր խորին շնորհակալությունը հայտնեցինք պարոն Ժիրայրին, դպրոցի անձնակազմին։ Բոլորս տխրել էինք, որ էլ չենք գալու այս աշխատանոց, աղջիկները նույնիսկ հուզվել էին։ Այս անգամ մի քիչ երկար մնացինք աշխատանոցում, որից հետո վերադարձանք տուն։ Տանն էլ ընթրեցինք, խաղացինք, շփվեցինք ընտանիքի հետ, պատմեցինք մեր տպավորությունների մասին։

Փարիզ, օր 8 (15.02.2020, շաբաթ)

Շաբաթ օրը մենք հրավիրված էինք ,,Անակո,, տափանավի վրա պարի երեկույթի՝ հայկական պարեր պարելու։ Այդ երեկույթին պետք է գնայինք երեկոյան ժամը 8-ին, իսկ մինչև այդ մենք կրկին շրջեցինք Փարիզով։ Մենք գնացինք Տռոկադերո, այնտեղ մի քանի անգամ էլ նկարվեցինք Էյֆելյան աշտարակի հետ, գնեցինք հուշանվերներ։ Տռոկադերոյից հետո գնացինք կաթոլիկ եկեղեցի, որը շատ գեղեցիկ էր։ Եկեղեցում շատ չմնացինք և միանգամից բարձրացանք Մոն Մարտ, որն ուրիշ տեսք ուներ ցերեկը։ Մենք օրվա մեծ մասը այնտեղ անցկացրեցինք։ Հիացանք տեսարանով, նկարվեցինք, շրջեցինք խանութներում՝ հուշանվերներ գնելու համար։ Այնտեղ մենք նույնիսկ հանդիպեցինք հայերի, ովքեր Հայաստանից չէին։ Ժամը արդեն երեկոյան 7-ն էր, մենք արդեն շարժվեցինք դեպի մետրո, որպեսզի գնանք տափանավի մոտ։ Նստեցինք մետրո, հասանք Սենա գետին հանդիպող մի այլ գետի, որտեղ տափանավն էր։ Սկսեց ուժեղ անձրև, և մենք ավելի արագ շարժվեցինք, որպեսզի շատ չթրջվենք։ Հասանք տափանավ, այնտեղ հանդիպեցինք պարոն Ժիրայրին և նրա կնոջը․ նրանք վաղուց էին եկել։ Երեսուն րոպեից արդեն բոլորը եկել էին՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները, մի խոսքով, բոլորն այդտեղ էին։ Ընթրելուց հետո մենք շրջան կազմեցինք և սկսեցինք պարել։ Պարեցինք ,,Էջմիածինը,,, ,,Յարխուշտա,,, ,,Խամա-խամա,, և այլ պարեր։ Հաճախ էինք դուրս գալիս, քանի որ ներսում ավելի տոթ էր, իսկ դրսում հաճելի քամի էր։ Քանի որ սա վերջին օրն էր, որ մենք անցկացրեցինք մեր ֆրանսահայ ընկերների հետ, մենք նրանց հետ կապի միջոց հաստատեցինք՝ մեր հեռախոսահամարներն իրար փոխանցելով։ Պարեցինք երկար, ասեմ նաև, որ մեզ միացան ուրիշ ազգի մարդիկ։ Այդ մարդկանց համար մենք, բացի հայկականից, նաև պարեցինք վրացական և հունական պարեր։ Արդեն ուշ էր, և մենք պետք է արդեն տուն վերադառնայինք։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր բոլոր ֆրանսահայ ընկերներին, նրանք ասացին, որ նույնպես կգան Հայաստան՝ հենց մեր դպրոց։ Մենք շատ ուրախ էինք, որ նրաց կրկին տեսնելու ենք, արդեն Հայաստանում՝ որպես հյուրնկալող կողմ։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր ընկերներին և վերադանձանք տուն՝ շատ ուրախ և դրական տպավորություններով։

Փարիզ, օր 9 (16.02.2020, կիրակի)

Կիրակի օրը մենք կրկին ունեինք զբոսանք Փարիզով։ Պետք է գնայինք Վերսալ պալատ։ Վերսալը շա՜տ գեղեցիկ էր։ Այնտեղ ներկայացված էին Վերսալի ծագումը, կառուցումը, արքայատոհմը, նրա գործունեությունը։ Մենք պալատ մտնելուց վերցրեցինք աուդիոուղեկից (аудиогид), որի շնորհիվ մենք կարողացանք ավելի լավ ինֆորմացվել պալատի մասին։ Պալատում շրջեցինք, տեսանք արքայի ննջասենյակը, հյուրասենյակը, հայելիների միջանցքը և մի շարք հին ու գեղեցիկ սենյակներ։ Հետո դուրս եկանք թանգարանից և գնացինք Վերսալի այգիները, ինչը շա՜տ գեղեցիկ էր։ Այնտեղ կային շատ ծառեր՝ այնքան շատ, որ նույնիսկ այնտեղ լաբիրինթոսներ էին գործում։ Մենք պտտվեցինք այգով, տեսանք ձիարշավարանը, որտեղից հաճախ ձիավարներ են դուրս գալիս իրենց ձիերով և համարներ ցույց տալիս։ Վերսալում պտտվեցինք, իսկ շուտով արդեն ուժեղ անձրև և քամի սկսվեց։ Մենք չկարողացանք շարունակել մեր քայլքը՝ եղանակի պատճառով։ Վերսալում մենք արդեն վերջնական հրաժեշտ տվեցինք մեր ընկերներին, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որպեսզի մեր կամ նրանց գալու ժամանակ կարողանանք միմյանց հետ կապ հաստատել և հանդիպել։ Հետո վերադարձանք տուն։ Տանն արդեն բավականին շատ ժամանակ ունեինք և կարողացանք խաղալ, շփվել ընտանիքի հետ։ Շատ հետաքրքիր անցավ մեր կիրակին՝ Փարիզում նախավեջին օրը։

Փարիզ, օր 10 (17.02.2020 երկուշաբթի)

Երկուշաբթին ազատ օր էր, այսինքն ամեն ընտանքն ուներ իր պլանները։ Հռիփսիմեն, Ինեսը, ես և Արթենին գնացինք քաղաքով պտտվելու։ Գնացինք Ինվալիդ, որտեղ թաղված է Նապոլեոն Բոնապարտը։ Մենք տեսանք Վերսալի ողջ տեսքը, տեսանք նաև այն հրապարակը, որտեղ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը։ Մենք մտանք ներս, տեսանք պատերին արված շատ քանդակներ, որին Նապոլեոնն էր պատկերված։ Տեսանք նաև այն բանը, ինչի մեջ նա է թաղված։ Նաև եղանք Լյուքսեմբուրգի այգում, որը շատ մեծ էր և գեղեցիկ: Հետո ոտքով գնացինք մետրո․ ճանապարհին մտանք խանութ՝ ևս մի քանի բան գնելու համար։ Հետո գնացինք տուն։ Տանը խաղացինք, պիցցա պատրաստեցինք, մի խոսքով՝ վայելեցինք մեր վերջին օրը Փարիզում, քանի որ երեքշաբթի օրվա առավոտյան մեր թռիչքն էր։

Փարիզ, վերջին օր (11), (18.02.2020, երեքշաբթի)

Այսօր մեր Փարիզում գտնվելու վերջին օրն է։ Մեզնից ոչ մեկը չէր ցանկանում Հայաստան վերադառնալ՝ ցանկանում էին մի քանի օր էլ մնալ Փարիզում։ Մենք առավոտյան շուտ արթնացանք, նախաճաշեցինք և սպասեցինք, որ Նարեն՝ մեր խմբի անդամը, գա, քանի որ մենք միասին պետք է գնայինք օդանավակայան։ Երեխաները արթնացան, մենք հրաժեշտ տվեցինք նրանց, նաև Հռիփսիմեին հայտնեցինք մեր խորին շնորհակալությունը՝ մեզ պահելու, հյուրնկալելու և այսքան լավ պայմաններ տրամադրելու համար։ Հետո գնացինք օդանավակայան, իսկ այնտեղ էլ բոլորին շնորհակալություն հայտնեցինք՝ ջերմ ընդունելության և անմոռանալի հուշերի համար։ Մենք նստեցինք ինքնաթիռ և թռանք Վարշավա, Լեհաստան։

Երբ հասանք Լեհաստան, պետք է տասը ժամ սպասեինք, որպեսզի թռչեինք Հայաստան։ Որոշեցինք դուրս գալ և շրջել քաղաքով։ Նստեցինք ավտոբուս և գնացինք քաղաքի կենտրոն։ Կանգառում մեզ մոտեցան երկու աշխատակից և հայտնեցին մեզ, որ մեզնից մեկը ավտոբուսի տոմսն առանց անցկացնելու նստել է ավտոբուս (եվրոպայում ավտոբուսները, մետրոները և այլ երթևեկության միջոցները տոմսերով են), մենք երկար նրանց հետ խոսեցինք, ասացինք, որ զբոսաշրջիկ ենք և ուրիշից ենք օգնություն խնդրել, որպեսզի տոմսն անցկացնի, բայց նրանք ասացին, որ մենք պետք է վճարենք 40€ տուգանք։ Մենք փորձում էին նրանց համոզել, որ սխալ չենք, բայց միևնույն է, վճարեցինք տուգանքը։ Հետո այլ խնդիրներից խուսափելու համար կապ հաստատեցինք Լեհաստանում հայկական դեսպանատան հետ, և նրանք եկան, մեզ դիմավորեցին և պտտեցրեցին քաղաքով։ Մենք ճաշեցինք մի տեղ, իսկ հետո սկսեցինք զբոսնել այնտեղի փողոցներով, պողոտաներով։ Վարշավան իրոք գեղեցիկ քաղաք էր, բայց այն որակապես տարբերվում էր Փարիզից՝ ավելի վատն էր։ Քաղաքով մի լավ պտտվելուց հետո վերադարձանք օդանավակայան՝ երկու ժամ շուտ, որպեսզի չուշանանք։ Դեսպանատան աշխատակիցներին հայտնեցինք մեր շնոհակալությունը, հրաժեշտ տվեցինք նրանց և անցանք օդանավակայանի սպասասրահ։ Երկու ժամ անց նստեցինք ինքնաթիռ և ամսի 19-ի լուսաբացին՝ 05:00 ժամանեցինք Հայաստան։

 

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s