Երևան-Փարիզ կրթական ծրագիր։ Օր երրորդ

87150933_2939769896062699_2504100301619855360_n
Պատմում է Շուշան Փաշինյանը։

Վերջապես եկավ այն շատ սպասված օրը, երբ պետք է սկսվեր ,,Մկնիկի,,  աշխատանոցը և որտեղ անցնելու էին ամենազվարճալի և հետաքրքիր օրերը: Առավոտյան շատ շուտ արթնացանք՝ ոգևորված և ուրախ, չնայած, որ ցանկանում էինք մի փոքր էլ քնել: Ինչպես միշտ, համեղ նախաճաշեցինք, բայց այս անգամ մի փոքր ավելի արագ, որպեսզի աշխատանոցից չուշանանք: Աշխատանոցը այս անգամ <<Թարգմանչաց>> դպրոցում էր, քանի որ նախկին դպրոցում ինչ-որ շինարարություն էր սկսվել, և այս շաբաթը չէինք կարող այնտեղ անցկացնել: Վերջապես հասանք <<Թարգմանչաց>> դպրոց, որը գտնվում էր հենց Փարիզին շատ մոտ քաղաքի հայկական թաղամասում: Թաղամասը շատ գեղեցիկ էր: Մենք չափազանց անհամբեր էինք տեսնելու մեր նոր ընկերներին, ծանոթանալու նրանց հետ, ծանոթանալու ուսուցիչերի հետ, տեսնելու տարածքը, և իհարկե անցկացնելու շատ հետաքրքիր ժամանակ այդ մեկ շաբաթվա ընթացքում: Մտանք ներս, և միանգամից ես շատ ուրախ ու հաճելի միջավայրում ինձ զգացի: Բոլորը բոլորին բարևում էին, ծանոթանում էին, եթե ծանոթ չէին, փոքրերը ուրախ վազվզում էին, ուսուցիչները զրուցում էին միմյանց հետ, մի խոսքով, շատ ակտիվ և ուրախ տրամադրություն էր տիրում: Արդեն գրեթե բոլոր մասնակիցները հավաքվեցին, և պարոն Ժիրայրը սկսեց ներկայացնել աշխատանոցի պարապմունքների սկիզբը: Նա ներկայացրեց մեզ՝ հայաստանցիներիս, չնայած, որ մենք նրանց էլի էինք հանդիպել, բայց այս անգամ մեզ ներկայացրեցին մյուսների համար ավելի հասկանալի: Այսպիսով, բոլորս տեսանք իրար և արդեն ամբողջովին պատրաստ էինք միասին հետաքրքիր և անմոռանալի ժամանակ անցկացնելու: Իսկապես բոլորս շատ ոգևորված էինք ու անհամբեր: Պարոն Ժիրայրի խոսելուց հետո բոլորս գնացինք մեր դասերին, չնայած որ տարածքի հետ գրեթե բոլորս լավ ծանոթ չէինք և անընդհատ խառնվում էինք: Մեր՝ մեծերի խմբի մոտ առաջին ժամը երգն էր: Մի կերպ գտանք երգի դասարանը և բարձր տրամադրությամբ նստեցինք դասրանում, որը բավականին գեղեցիկ ու լուսավոր էր: Երգի դասավանդողները Նորան և նրա մայրը՝ Արմինեն էին: Մենք ծանոթացանք նրանց հետ, և բոլորս նրանց շատ սիրեցինք: Առաջին երգը, որ դասի ընթացքում սովորեցինք, Սայաթ Նովայի <<Դուն են հուրին իս>> երգն էր: Չափազանց գեղեցիկ երգ էր, ճիշտ է, բառերը մի փոքր դժվարությամբ էինք հիշում, քանի որ ոչ արևելահայերեն էին, ոչ էլ արևմտահայերեն: Բայց երգը շատ հավանեցինք և բավականին գեղեցիկ էինք երգում: Այնուհետև սովորեցինք <<Նարե>> երգը, որը չափազանց շատ սիրեցինք, մենք՝ սեբաստացիներս գիտեինք այդ երգը․ դա իմ ամենասիրելի երգերից մեկն էր, և մկնիկցիներին այն նույնպես գրավեց։ Բոլորս շատ սիրեցինք այդ երգը: Անընդհատ ցանկություն էինք հայտնում կրկին <<Նարեն>> երգելու: Երգը ավելի գեղեցկացավ, երբ սկսեցինք այն երկու ձայնով երգել: Չափազանց հաճելի էր այդ հրաշք վայրում՝ նոր լավ ընկերների հետ և այդքան լավ միջավայրում այդքան գեղեցիկ երգեր երգել: Երգի դասը աննկարագրելի լավ անցավ: Մեր զգացողությունները անբացատրելի էին, տրամադրությունը՝ շատ բարձր: Գնացինք մեր երկրորդ դասին՝ դիզայնին: Արդեն ավելի ազատ էինք մեզ զգում: Դիզայնի դասը նույնպես հրաշալի անցավ: Մենք Հռիփսիմեի հետ սկսեցինք շատ գեղեցիկ գործեր անել: Ընթացքում նաև երաժշտություն էինք դնում, երգում էինք, հետո վերհիշում էինք մեր մի քանի րոպե առաջվա սովորած երգերը, որոնք մեզ շատ դուր եկան: Այսպիսով՝ հիանալի տրամադրությամբ նաև ավարտվեց երկրորդ՝ դիզայնի դասը: Երկրորդ դասից հետո մեկ և կես ժամ ընդմիջում էր: Ինձ ընդմիջման ժամանակը մի փոքր շատ թվաց, բայց ամեն դեպքում ընդմիջման ընթացքում հասցնում էինք բավականին հետաքրքիր բաներ անել: Ընդմիջմանը ճաշեցինք, ընթացքում բոլորով սկսեցինք քննարկել մեր օրը, որը դեռ շարունակվում էր: Ճաշելուց հետո գնացինք բակ, այնտեղ հրաշալի եղանակին մի փոքր զբոսնեցինք, ավելի լավ ծանոթացանք տարածքին: Այնուհետև վերադարձանք, մի փոքր էլ նստեցինք, զրուցեցինք, մինչև որ զանգը հնչեց: Մենք զանգից զարմացանք, քանի որ ինչպես գիտեք, մեր դպրոցում զանգ չկա: Այսպիսով՝ գնացինք մեր վերջին դասին՝ հայոց լեզու, գրականություն, կամ ինչպես մկնիկցիներն էին ասում՝ փիլիսոփայության դասին, որը դասավանդում էր տիկին Մարիետը: Դասը բավականին հետաքրքիր անցավ: Սկզբում մենք մի փոքր զրուցեցինք մեր դասերի ընթացքից, իսկ հետո տիկին Մարիետը սկսեց կարդալ մի քանի փիլիսոփայական առակներ, որոնք ընթացքում քննարկում էինք, արտահայտելով մեր կարծիքները: Մեր նոր ընկերները բավականին հետաքրքիր և տարբերվող մտքեր ունեին: Մենք շատ չէինք արտահայտվում, քանի որ կարդացել և քննարկել էինք այդ առակները, մենք ավելի շատ նրանց էինք լսում և փորձում նրանց մտքերը համեմատել մեր մտքերի հետ: Մի քանիսի մտքերը նման էին մեր մտքերին, մի քանիսը շատ տարբեր և հետաքրքիր մտքեր էին ասում: Մի խոսքով, դասը շատ թեժ և շատ հետաքրքիր քննարկումներով անցավ: Դասի վերջում մենք կարճ ներկայացրեցինք մեր ներկայացումը, որը ցանկանում էինք մեր նոր ընկերների հետ ներկայացնել՝ Վիլյամ Սարոյանի <<Բան ունեմ ասելու>> պատմվածքը: Պատմվածքը նրանց շատ դուր եկավ, և նրանք համաձայնեցին ներկայացնելու պատմվածքը: Այսքանով ավարտվեց նաև մեր վերջին դասը: Վերջում կրկին գնացինք ճաշարան, այնուհետև պարոն Ժիրայրի խնդրանքով բոլորս հավաքվեցինք երգի դասարանում՝ ամփոփելու աշխատանոցի առաջին օրը: Բոլորը դրական տպավորություններ և լավ տրամադրություն ունեին: Այնքան լավն էին բոլորիս տպավորությունները, որ նույնիսկ բառեր չէինք գտնում դրանք արտահայտելու: Հերթով բոլորս կիսվեցինք մեր տպավորություններով: Բոլորս, անհամբեր սպասելով վաղվան, իրար հրաժեշտ տալով, չափազանց լավ տրամադրությամբ գնացինք տուն: Ես, Լիլիթը, Մանեն և Վահեն սկսեցինք ոգևորված պատմել օրվա մասին Հերմինեին և Արմենին: Այսպիսով՝ աննկարագրելի տպավորություններով գնացինք քնելու, որպեսզի վաղվա օրը շուտ գա, և շուտ գնանք աշխատանոց՝ կրկին հիանալի օր անցկացնելու մեր նոր ընկերների հետ…

Запись опубликована в рубрике Մտքեր-խոհեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s